Չեմպիոնների լիգայի լավագույն ութնյակում հայտնվելու համար (ավելի հեռահար բաներից չխոսենք) պայքարը սկսված է: Անցած երեքշաբթի-չորեքշաբթի դա արեցին «Պարի Սեն Ժերմեն»-«Չելսի», «Բենֆիկա»-«Զենիթ», «Ռոմա»-«Ռեալ», «Գենտ»-«Վոլֆսբուրգ» զույգերը: Հետաքրքիր է, որ մրցումային առաջին օրը տոն տվողները տանտերերն էին, երկրորդ օրը՝ հյուրերը: Հիմա սա պատահականությո՞ւն էր, թե՞ զուգադիպություն, քննության չառնենք, բայց ասենք՝ ահա այսպիսի յուրօրինակ դերաբաշխում՝ հավասարության սկզբունքի պահպանումով:
«ՊԱՐԻ ՍԵՆ ԺԵՐՄԵՆ»-«ՉԵԼՍԻ»
Գուս Հիդինկի ղեկավարության օրոք «ազնվականներն» առաջին անգամ դուրս եկան կղզու սահմաններից ու առաջին անգամ պարտվեցին, թեպետ, այսպես թե այնպես, այդ առաջին անգամն օրերից մի օր լինելու էր:
«Չելսին», որքան էլ ջանաց, այդուհանդերձ չկարողացավ Իբրահիմովիչի դեմն առնել: Շվեդը, որ բացառիկ արդյունավետությամբ է գործում ընթացիկ մրցաշրջանում, իր սև գործն արեց: Ի դեպ, նա միակ ֆուտբոլիստն է, ով արդեն տասներորդ տարին անընդմեջ գոլի հեղինակ է դառնում փլեյ օֆի փուլում:
Լոնդոնցիները կարողացան հաշվի հավասարակշռությունը վերականգնել բավական արագ ու ընդմիջման գնացին բարձր տրամադրությամբ, սակայն այն մինչև վերջ պահպանել չհաջողվեց: Երկրորդ խաղակեսում փոխարինման ելած Կավանին ՊՍԺ-ի համար ապահովեց հաղթական արդյունք:
2:1-ը, բնականաբար, փխրուն հաշիվ է փարիզցիներին մեկ քառորդում անվերապահորեն տեսնելու համար, մանավանդ որ ներքին առաջնությունում բավական անհաջող հանդես եկող «ազնվականները» փորձելու են գոնե Չեմպիոնների լիգայում պարզերես լինել: Այնպես որ, պատասխան խաղը երկու կողմի համար էլ ծանր է լինելու, ու թերևս ոչ ոք հաստատապես չի կարող ասել, թե մեկ քառորդում ում կարող ենք տեսնել: Դե ինչ, մարզասերի համար, եթե, իհարկե, չունի կողմերից մեկի նկատմամբ նախապատվություն, ավելի քան աննյարդ, բայց հաճելի է լինելու պատասխան խաղի սպասումը:
«ԲԵՆՖԻԿԱ»-«ԶԵՆԻԹ»
Ընթացիկ տարում սա սանկպետերբուրգցիների առաջին պաշտոնական հանդիպումն էր, ու ակնհայտ էր, որ խաղային պրակտիկայի պակասը պիտի զգացվեր:
Սկզբունքորեն «Զենիթը» վատ հանդես չեկավ: Նվազագույն հաշվով պարտությունը (վերջին վայրկյաններին «արծիվները», այնուամենայնիվ, կարողացան «կտցահարել» Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի պատվիրակներին) բնավ էլ նվազագույնի չի վերածում Վիլաշ-Բոյաշի սաների շանսերը, թեպետ պատասխան խաղում նախ պիտի կարողանան վերականգնել հաշվի հավասարությունը, ապա նոր անցնեն մաքսիմում ծրագրի իրականացմանը: Մի խոսքով, դեռ ամեն ինչ չէ, որ վատ է, եթե, նկատի ունենալով ռուսների անհուն լավատեսությունը (համոզված են, որ պատասխան հանդիպումում առնվազն երկու գնդակ կխփեն), չասենք հակառակը:
«ՌՈՄԱ»-«ՌԵԱԼ»
Այս դիմակայությունում բացահայտ ֆավորիտն «արքայականն» էր, որքան էլ «Ռեալն» այս խաղարկությունում իրեն ծանր է զգում իտալական ակումբների հետ մրցակցությունում: Առաջին խաղակեսը, անկեղծ լինենք, բացարձակապես չտպավորեց, իսկ ահա երկրորդը կրքերի կատարյալ փոթորիկ էր, ու դրա սկիզբը դրեց Ռոնալդուն՝ դարպասի իրեն բնորոշ գրավումով: Լավ հասկանալով, որ մադրիդյան հանդիպումում խաղի դրական ելքի հավանականությունը գրեթե զրոյական է, հռոմեացիներն անցան ագրեսիվ գործողությունների, սակայն դրանք արդյունքի վերածելու համար մերթ վարպետության պակասն էր զգալ տալիս, մերթ՝ բախտի, մերթ էլ՝ «արքայականի» բարձր կարգը: Այս ամենի հանրագումարն այն եղավ, որ «Ռեալը» վերջին մեխն էլ մեխեց մրցակցին անդրաշխարհ տանող հատուկ նշանակության կահույքին՝ այնտեղից դուրս գալը վերջնականապես դարձնելով անհույս: Համենայն դեպս, սա մեր համոզմունքն է: Սակայն չի կարելի ասել, թե պատասխան խաղը վերածվելու է զուտ ձևականության: Սպալետիի գլխավորությամբ կազմավորվող «Ռոման», եթե չփորձի էլ փչացնել մրցակցի տրամադրությունը, առնվազն դիտարժան խաղ ցույց կտա, իսկ այս դեպքում շահողը դարձյալ հանդիսատեսն է լինելու: Այնպես որ, մեզ մադրիդյան կրքեր դեռ սպասում են:
«ԳԵՆՏ»-«ՎՈԼՖՍԲՈՒՐԳ»
Փլեյօֆյան վիճակահանության ժամանակ ամենաշատ ուրախացածն իրար գտած այս զույգն էր, որովհետև Չեմպիոնների լիգայի դեբյուտանտի կարգավիճակում ավելի լավ նվեր սպասելն անհնար էր: Նվերը՝ նվեր, սակայն առերեսումում նրանք դեռ պիտի կարողանային որոշել ուժեղագույնին: Գերմանական «գայլերը» շատ արմատական կպան գործին, ու արդեն երկրորդ խաղակեսի կեսերին հաղթում էին մրցակցի համար անհույս առավելությամբ՝ 3:0: Սակայն վերջին տասը րոպեներին բելգիացիները քիչ էր մնում հանդիպումը գերմանացիների համար վերածեին կատարյալ մղձավանջի:
Պատասխան խաղից առաջ 3:2 հաշիվը, ինչ խոսք, «Վոլֆսբուրգի» համար լավ տարբերակ է, սակայն ի՞նչ իմանաս, թե արյան հոտ առած բելգիացիներն ինչ անակնկալ կարող են հրամցնել տանտերերին: Որքան էլ դեմը նահանջող ձմեռ ու ծաղկող գարուն՝ բա որ հանկարծ նրանց սիրտը քաշեց գայլի մորթուց պատրաստված մուշտակներո՞վ վերադառնալ տուն…
ԱՄՓՈՓՈՒՄ՝ ԲԱՐՍԵԼՈՆՅԱՆ ՀԱՄԵՄՈՎ
Չերկարացնենք:
Որքան էլ ֆուտբոլային գերտերությունների առաջնություններում լինում են արյուն թունդ անող խաղեր, այդուհանդերձ, ձմեռային դադարից եկած եվրոպական ֆուտբոլն այլ կարգի խինդ ու ուրախություն է բերել ֆուտբոլասերի հոգուն ու որքան գնա, հնչող երաժշտությունն ավելի բարձրարվեստ է լինելու, սեղանապետը՝ ավելի ճարտար, կենացները՝ ավելի քաղցր, հարսնացուն՝ ավելի ցանկալի: Այնպես որ, սիրելի ընթերցող, բարի գալուստ եվրոպական «մեծ հարսանիք», ու նախապատրաստվիր ինքդ քեզ տիրապետելուն, որովհետև արդեն մեկ շաբաթ անց «Արսենալն» ընդունելու է «Բարսելոնին», «Յուվենտուսը»՝ «Բավարիային» (մեկ օր անց, փետրվարի 24-ին, «մրցագորգ» կելնեն ՊՍՎ-«Աթլետիկո», «Դինամո» Կիև-«Մանչեստր Սիթի» զույգերը) ու, թե տղա ես, դիմացիր:
Ինչ խոսք, որ այս շարքի ձևաչափից դուրս կարող է դիտվել «Սպորտինգ»-«Բարսելոն» հանդիպմանն անդրադառնալը, բայց այդ ո՞վ է համարձակվում մեծամտել, թե «Բարսելոնը» պարականոն մեծություն չէ: Իսպանական առաջնության այս հետաձգված խաղն ավելի մեծացրեց կատալոնցիների միավորների պաշարը՝ 60 (հանդիպումն ավարտվել է 3:1)՝ նրանց ավելի ու ավելի հեռացնելով (վեց միավորով) մերձակա հետապնդողից, իսկ կոսմիկական Մեսին, որ նախորդ տուրում հրաժարվեց Իսպանիայի առաջնությունում իր 300-րդ գոլը տասնմեկմետրանոցից խփելու պատեհությունից (ընթերցողը հարկավ հիշում է տուգանայինի այդ յուրօրինակ խաղարկումը), այ 300-րդն էլ խփեց, 301-րդն էլ:
Այսպիսի բաներ:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ